|
Ներկայումս, երբ հայոց լեզուն գտնվում է լայնաճակատ օտարալեզու ճնշման տակ, երբ դադարել է գործել Հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը եւ դա տեղի է ունենում Լեզվի տեսչության անգործության եւ Լեզվի ինստիտուտի փաստացի չգոյության պայմաններում, ինչի խոհրդանիշը դարձավ վերջինիս շենքի քանդումը, այս կայքի առջեւ դժվարին եւ հավակնոտ նպատակ է դրվում՝ դառնալու հենց այն կարգավորող եւ միավորող հանգույցը, առանց որի ներկայումս գոյություն չունի աշխարհի եւ ոչ մի քիչ թե շատ զարգացած լեզու։
Այսպիսով այս կայքը ստեղծվում է կատարելու համար եզրաբանական միասնականացման մարմնի դերը, եւ գործունեության հիմնական ուղղությունն է լինելու հայոց լեզվի բառապաշարի հարստացումը՝ ներքին բառակազմական հնարավորությունների գործադրմամբ, որին հետագայում հաջողության դեպքում կհավելվեն եւ այլ ուղղություններ։ Կա հայտնի տեսակետ, ըստ որի բառապաշարը պիտի զարգանա փոխառումների միջոցով։ Սակայն փոխառությունները օտարալեզու ճնշումների արդյունք են եւ կարիք չունեն լրացուցիչ օժանդակության։
Բառարանի առանցքային պաշարը առավել գործածական փոխառությունների թարգմանություններն են։Թարգմանվելիք բառերի ցանկը մշտապես ընդլայնվելու է, եւ ընդգրկելու է ներկայումս հայոց լեզվում գործածվող ցանկացած օտար բառ։ Սակայն նախ եւ առաջ դրանք պիտի լինեն նորագույն փոխառությունները, որոնք դեռեւս չեն ամրացել հայախոսների խոսքում. լինի դա մասնագիրտական խոսքը, թե՝ կենցաղային, օրինակ՝ file, folder եւ նման եզրերը։ Բայցեւ կարող են ընդգրկվել ցանկացած խորությամբ արմատավորված բառեր, օրինակ «էլեկտրոն», «Էկրան», «վեկտրոր» եւ այն։ Բնականաբար, չունենալով համապատասխան լիազորություններ մենք չենք կարող պարտադրել այս բառերը, բայց եւ չենք էլ ցանկանում պարտադրել։ Մենք միայն առաջրկում ենք տարբերակներ, իսկ վերջնական վճիռը կայացնում է գործածողը։
Բառարանում ընդգրկվում են բառերի ոչ բոլոր իմաստները, այլ հիմնականում ժամանակակից լեզվում լայնորեն կիրառվողները, հատկապես՝ արհեստում եւ հասարակական հարաբերություններում։
Կոչ ենք անում հայոց լեզվի մաքրության եւ զարգացման հարցերով մտահոգված բոլորին մասնակցել այս գործին։ Ուղարկե՛ք թարգմանության ձեր առաջարկները. դրանով դուք կկրկնապատկեք մեր ուժերը։ Կարող եք նաեւ այս կամ այն բառի թարգմանության համար դիմել մեզ։ Մենք երկար ժամանակ զբաղվում ենք եզրաստեղծմամբ. որոշակի փորձ ենք կուտակել այս բնագավառում եւ հաջողություններ արձանագրել։ Մենք չենք խոստանում արագորեն լուծել ձեր խնդիրը, քանի որ զբաղվում ենք այս գործով միայն մեր ազատ ժամանակի հաշվին, իսկ հաջող թարգմանությունը ակնթարթորեն չի ծնվում։
|